«Փաստ» օրաթերթը գրում է.
Արձանագրված փաստը, որ բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ, այս օրերին բազմազան արձագանքների առիթ տվեց: Պետք է արձանագրել, որ ամենևին էլ առաջին անգամ չէ, որ ընդունելության քննություններից հետո թափուր տեղեր են մնում: Ուղղակի տարեցտարի այդ վիճակն առավել մտահոգիչ է դառնում: Ավելին, շատ փորձագետներ տարիներ շարունակ ասում են, որ պետք է վերանայել պլանավորումը, նախապես սահմանվող տեղերի քանակությունը, բաշխվածությունը, այսպես ասած, «կրկնվող մասնագիտությունների» առումով և այլն, և այլն: Մե՞ջն ինչ, եթե հերթական «սեզոնից» հետո արձանագրվում է նշված պատկերը:
«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ:Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»: Գիտեք, հիմնականում ճիշտ գնահատականներ են: Տեղին: Պորտատեղադրող: Բայց ո՞վ է այս արտահայտության հեղինակը, ո՞վ է սա ասում: Կրթության ոլորտի փորձագե՞տ, ընդդիմադիր որևէ գործի՞չ, որ տեղյակ է բուհական համակարգի խնդիրներին: Ո՛չ: Վերը մեջբերված «փորձագիտական գնահատականը» տալիս է, ավելի ճիշտ՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե՝ տեսեք, ի՞նչ լավ է, որ հայրենի ԿԳՄՍ նախարարը նման սթափ, օբյեկտիվ ու տեղին գնահատականներ է տալիս: Մինչդեռ, կարծում ենք, սա ոչ մի լավ բան չի հուշում: Հարցը գնահատականները չեն: Դրանք իսկապես էլ տեղին են, իսկապես էլ՝ նման պատկերն անընդունելի է, հարկավ՝ «անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ», և որ «պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»:
Հա՛, է՜, հա՛: Բայց ո՞վ է սա ասում, կրթության, գիտության ու մնացած բաների նախարա՛րն է ասում: Թե բա՝ «տարիներ շարունակ»: Հարց է ծագում՝ իսկ «տարիներ շարունակ», առնվազն 2018-ի դեկտեմբերից այդ ի՞նչ բանուգործի են եղել կրթության նախարարները, Անդրեասյանն էլ՝ «ձեզ փեշքեշ»: Նախկին նախարարներին չենք նշում, որովհետև նրանք արդեն վաղուց… նախկին են, այսինքն՝ պատասխանատվությունն արդեն վեց տարի կրում է այս իշխանությունը: Թե բա՝ «կարծում եմ… պետությունը պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»: Այսի՞նքն: Դո՛ւք եք պետության կառավարման այդ ոլորտային բարձրագույն պաշտոնին դրված, փոխեիք, ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ վրա եք «մուննաթ գալիս»: Ի դեպ, սա ավելի կարևոր հարց է, քան «Ակադեմիական քաղաք» նյուվասյուկիական «մեգանախագծով» փիարվելը: Չէ, բայց իսկապես, մարդը 4 տարի կրթության ոլորտն է ղեկավարում, բայց դեռ կարծիք է հայտնում, թե պետությունը պլանավորման մոտեցում պիտի փոխի: Ախր, դուք կարծիք չպիտի հայտնեիք, արդեն պիտի առնվազն 3-4 տարի առաջ որոշակի առաջարկություններ ներկայացրած լինեիք:
Դա՛ է ձեր անմիջական աշխատանքային պարտականությունը, այլ ոչ թե «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերանվանելը կամ «Հայ եկեղեցու պատմությունը» հայկական դպրոցից դուրս մղելը, դպրոցները, բուհերը քաղաքականացնելն ու քպացնելը: Ախ, հա՜, պիտի Փաշինյանը գար, ընդունելության հանձնաժողովի կախիչները քաշքշեր-պոկեր, ցնցուղները ոլորեր, թափուր տեղերում հեծանիվը կանգնեցներ… Իսկ խնդիրն իսկապես բազմաշերտ է, և այն, որ տարիներ շարունակ բուհական համակարգում հազարավոր վճարովի ու հարյուրավոր «պետպատվերով» տեղեր թափուր են մնում, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Մանավանդ, որ երկրում կան մասնագիտություններ, որոնց ընդունելության դեպքում մեծ մրցակցություն է, համարյա ինչպես խորհրդային տարիներին. 10-12 հավակնորդ՝ 1 տեղի համար:
Տեսեք, մենք ապրում ենք մի պետության մեջ, որի ղեկավարը համարվող Նիկոլ Փաշինյանը, ձգտելով բոլոր հարցերում ամենագետ երևալ, դրսևորում է իր անտեղյակությունն ու մակերեսայնությունը: Դա ցցուն օրինակ է՝ հատկապես երիտասարդների ու պատանիների համար, որ կարելի է ոչ մի բանից հիմնավոր գաղափար չունենալով՝ լինել պետության ղեկավար:
Երկրորդ՝ նույն այդ պետության ղեկավարության մակարդակով քարոզվում է սիրողականություն, անգրագիտություն, անկրթություն:
Երրորդ՝ հարց է ծագում, թե ի՞նչ կարիք կա 4-5 տարի չարչարվել, ուսանել, դառնալ դիպլոմավորված մասնագետ, երբ կարելի է կիսագրագետ լինելով՝ դնել «կարմիր բերետ» ու, մարդ ծեծելով և հոշոտելով, «չալաղաջ» պարգևավճարներ ստանալ:
Չորրորդ՝ նույն իշխանական «էլիտան» հրաշալի օրինակ է մատուցում առ այն, որ Հայաստանի բուհերում ոչ մի դեպքում չարժե բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև նույն այդ վարչապետի, նախարարների, իրենց մոտիկների զավակները սովորում են օտարերկրյա բուհերում, ուրիշ երկրներում:
Հինգերորդ՝ եթե հազարավոր վճարովի տեղեր թափու են մնում, ուրեմն մարդիկ հասկանում են, որ իրենց վճարած ահռելի գումարների դիմաց չեն ստանալու համարժեք որակի կրթություն:
Եվ սրանք դեռ «ուղեկից» ազդող գործոններն են: Այնինչ, իսկապես խնդիրներ կան՝ ըստ մասնագիտությունների բուհական տեղերը, դրանց կարիքը, պահանջարկը պարզելու, ըստ այնմ պետական պատվերները ձևակերպելու, մասնագիտությունների պահանջարկը 5-10 տարվա հեռանկարով պլանավորելու առումներով:
Բայց ինչո՞ւ այդ ամենի վրա «գլուխ ցավեցնել», եթե կարելի է տարիներ շարունակ լինել ոլորտային թիվ 1 պատասխանատուն, ապա ելնել ու, իբր դա իր պաշտոնական գործունեության (կամ՝ անգործության) հետ կապ չունի, դեմքի խելացի արտահայտությամբ դատողություններ անել, թե՝ «տարիներ շարունակ թափուր տեղերի մեծ քանակ է արձանագրվում, դա անընդունելի է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում