«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս ընթացքում առնվազն կարողացավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը իշխանությունների ներքին և հատկապես արտաքին քաղաքականության նկատմամբ: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Մինչ այս գրեթե բոլոր շարժումների ժամանակ տեսել ենք հասարակության երկու սեգմենտ՝ ակտիվ և պասիվ բողոքողներ: Առաջինները մասնակցել են տարբեր ակցիաների, շարժումների: Պասիվ բողոքողները տարբեր առիթներով իրենց դիրքորոշումները արտահայտում էին կամ ոչ, բայց իրենց ներսում դժգոհ էին: Այս շարժման ընթացքում հնարավոր եղավ պասիվ բողոքողների մի հսկայական զանգված մոբիլիզացնել կամ բերել ակտիվ բողոքողների դաշտ: Ի՞նչ կլինի հետագայում, սա հարցի մյուս կողմն է: Ի՞նչ է կատարվում հիմա, սա հարցի տեխնոլոգիական կողմն է, ինչպե՞ս է օգտագործվում այդ ներուժը կամ օգտագործվե՞ց այն, թե՞ ոչ: Այս պահին կարող ենք արձանագրել, որ հնարավոր եղավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը, ցույց տալ, որ կա այնպիսի դժգոհություն, որը կարող է երկրում էական փոփոխություններ առաջացնել:

Էական փոփոխություններ առաջացնելու ռեսուրսի մասին է խոսում իշխանությունների դիրքավորումը, նրանց կողմից տարբեր ռեսուրսների միջոցով հակաքարոզչությունը, շարժման լիդերների կոնկրետ թիրախավորումը, առանձին աշխատանքները թե՛ լիդերների, թե՛ նրանց մերձավոր շրջապատի նկատմամբ, ոստիկանական գործողությունները, դրանց աշխարհագրությունը, գործողությունների մեջ ներգրավված ծառայողների թվաքանակը, բարձրաստիճան զինվորականների կամ ոստիկանության ծառայողների մասնակցությունն այդ գործողություններին: Այդ ամենը խոսում է այն մասին, որ կա իրական ներուժ երկրում փոփոխությունների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ի՞նչ հանգրվանի է հասել շարժումը: Քաղաքագետի կարծիքով, ակնհայտ է, որ իշխանական քարոզչությունը չէր կարող ազդեցություն չթողնել, քանի որ նրա ձեռքին է ամբողջ՝ հատկապես պետական ազդեցության տեղեկատվական ռեսուրսների եթե ոչ կառավարումը, ապա օգտագործման հնարավորությունը: «Նաև վարչական, վարչահրամայական ամբողջ ապարատը, որը, ցավոք, այս տարիների ընթացքում հնարավոր եղավ վերածել զուտ իշխանական գործիքի՝ փոխելով դրանց դիմագիծը և որպես անկախ մարմիններ հավանականությունը: Եղան գաղտնալսումներ, քրեական գործերը դեռևս նախաքննության փուլում են, բայց արդեն հրապարակվում են գաղտնալսման ձայնագրություններ և այլն: Այս քարոզչությունը չի կարող ազդեցություն չունենալ շարժման ընթացքի վրա, ինչպես նաև շարժումը ներսից պառակտելու փորձերը: Բոլոր իշխանություններն այս գործիքն օգտագործել են և օգտագործելու են: Այս ամենը հանգեցրեց մի իրավիճակի, երբ թվացյալ վիճակ է, թե շարժումը չի հաջողել, այդ թվում՝ Փաշինյանի վերջին հայտարարությունն իր կուսակիցների հետ հանդիպմանը, թե «շարժումը չհաջողեց, որովհետև…» և այլն:

Իրականում ի՞նչ ներուժ ունի շարժումը: Ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցած բոլոր շարժումների, այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ: Վերջինը՝ որպես շարժման լոկոմոտիվ, հետևյալն է՝ ներհասարակական, ներազգային համերաշխություն, հաշտության օրակարգ, որը մեզ չափազանց անհրաժեշտ է: Հաջորդիվ խոսվում է անվտանգային, արտաքին քաղաքական խնդիրների մասին: Վերապահեմ ինձ իրավունք ասելու, որ գոնե այս պահին համակարգային առաջարկ չէ, բայց առավել համակարգային են ներքաղաքական, ներազգային, ներպետական առաջարկները, որոնք առնվազն իրենց փիլիսոփայության մեջ կենսական անհրաժեշտություն ունեն և երբևէ որևէ քաղաքական շարժման ընթացքում չեն առաջարկվել մեր հասարակությանը: Սա համարենք որպես այս շարժման ստեղծած պրոդուկտ, որը հնարավոր է իրացնել՝ պայմանով, որ այդ իրացումը նյութականացված կլինի: Մարդը վերացական բաները չի տեսնում, չի զգում, չի կարող շոշափել: Նկատում եմ, որ փորձ է արվում դրանք նյութականացնել:

Օրինակ՝ երբ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունից առգրավվել էր նախագահին սպասարկող մեքենան, Սրբազանն իր մեքենան նվիրեց ներկայացուցչությանը: Վիզուալացված կոնկրետ ժեստ էր այդ համերաշխությունը: Հաջորդը պատրաստակամությունն է այցելել մարզեր, հանդիպումներ ունենալ, սա նույնպես հնարավորություն է նյութականացնել համերաշխության, հաշտության օրակարգը»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռաբար Հայաստանի իշխանությունները կրկին վերադառնում են Հայաստանի ԵՄ անդամակցության հարցին: Ի՞նչ խնդիր է լուծում այս հարցի քննարկումը հանրային տիրույթում: Քաղաքագետը կարծում է, որ կա երկու՝ ներքին և արտաքին գործոն: «Տեսնում ենք, որ հասարակության ներսում օրեցօր ավելանում են հակառուսական տրամադրությունները: Իշխանությունը փորձում է դառնալ պրոարևմտյան թեզի լոկոմոտիվը, դրա շնորհիվ իր շուրջ մոբիլիզացնել հնարավորինս մեծ զանգված, որը պատկերացնում է Հայաստանի ապագան Արևմուտքի հետ, հակառակ ճամբարում գտնվող մարդկանց ամեն կերպ պիտակավորել որպես պրոռուսական, հետադիմական, կղերա-ֆեոդալական թևի ներկայացուցիչ և այլն: Իրենց համար առնվազն ակնհայտ է, որ ունեն վարկանիշի չափազանց մեծ անկում և այս միտումների պահպանման դեպքում շանս չունեն հաջորդ ընտրություններում հաղթելու:

Հետևաբար անհրաժեշտ է, որ հրապարակ նետեն այդպիսի թեզ, իրենք իրենց հռչակեն այդ թեզի առաջնորդողներ և այն մարդկանց, որոնք իրենց այդ ուղենիշի հետևորդներ կամ արժեքների կրողներ են համարում, մոբիլիզացնեն իրենց շուրջ: Եվս մեկ խնդիր է Ազգային ժողովում կազմակերպված քննարկումը: Եթե լինեի իշխանություն, ամեն ինչ կանեի, որպեսզի այդ քննարկումները որևէ տեղ չերևային առնվազն իմ դեմքը փրկելու համար: Այդպիսի մարդկանցով անհնար է պարզապես դեպի Արևմուտք, Եվրոպական միություն գնալ: Մարդիկ, որոնք իրենց ձեռքում պարզել են այդ դրոշը և կարծում են, որ պետք է առաջնորդեն Հայաստանի ուղին դեպի Եվրոպա, դա անել այդ մարդկանցով ուղղակի անհնար է»,-ընդգծում է նա:

Հիշեցնում է, որ ավանդաբար ԵՄ-ն եղել է «փափուկ ուժի» հրաշալի կիրառող կենտրոններից մեկը: «Պատկերացրեք, որ հիմա Հայաստանում «փափուկ ուժի» փորձառություն ունեցող այս աշխարհաքաղաքական կենտրոնը մնացել է այս մարդկանց հույսին, որոնք անգամ իրենց կազմակերպած ակցիաներով վնասում են Եվրոպական միությանը: Ամենապարզ օրինակ՝ պարզում են ԵՄ-ի դրոշը, հետո հանում են «կալոշը»՝ հայտարարելով դա որպես Ռուսաստանի խորհրդանիշ, և դրանով տրորում են ԵՄ-ի դրոշը կամ դնում դրա վրա: Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ ուղերձ, որ Ռուսաստանը տրորելու է Եվրոպական միությունը: Մարդու մեջ առաջին հերթին սա է տպավորվում: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը երազել կամ ցանկանակ գնալ մի ուղղությամբ, երբ իրեն ուղերձ են տվել, որ այն տրորվելու է ռուսական «սապոգի» կողմից: Սա ներքին լսարանի համար կազմակերպված քննարկում էր, բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ արվել էր շատ վատ ու անորակ: Բայց սա ուներ նաև արտաքին գործոն. ցույց տալ Արևմուտքին, որ ամբողջ էությամբ ձգտում են, նպատակադրված են դեպի Արևմուտք և փորձել այդ հպատակության դիմաց ստանալ ինչ-որ փշրանքներ:

Կստանան, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է: Դա կլինի իրենց քաղաքական լեգիտիմությունը ճանաչելու գնով, ներքին պրոցեսներում Արևմուտքի լոյալությունն ապահովելու համար, բայց առնվազն սա հպատակության արտահայտչամիջոց էր, որով փորձ էր արվում Արևմուտքին տալ հպատակության հավաստիք, մյուս կողմից ակնհայտ է, որ իրենց արտաքին օրակարգը ձախողված է: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, այն կերպ, ինչպես իրենք էին ներկայացնում, հնարավոր չէ: Խաղաղություն բերել, այն կերպ, ինչպես իրենք փորձում են, հնարավոր չէ: Որպեսզի վաղվա իրենց ձախողումներն արդարացնեն, վաղն ասելու են, որ երբ հայտարարեցին, թե ցանկանում են գնալ ԵՄ, այդ հետադիմական ուժերն Ադրբեջանին ստիպեցին հարձակվել մեզ վրա: Ակնհայտ է, որ ԵՄ գնալու Հայաստանի ճանապարհը չափազանց երկար է լինելու, եթե ինչ-որ մի օր ԵՄ-ն համաձայնի ընդունել Հայաստանին:

Վկա՝ Ուկրաինան, Թուրքիան, Վրաստանը, որոնք մինչ օրս չեն կարողացել դառնալ ԵՄ լիիրավ անդամ: Էլ ուր մնաց Հայաստանը, որն ունի լոգիստիկ խնդիրներ ԵՄ-ի հետ, եթե Միության անդամ չդառնան Թուրքիան և Վրաստանը, ունի տնտեսական լրջագույն խնդիրներ և բեռ է դառնալու ԵՄ-ի վրա, ինչպես ժամանակին Հունաստանը, Իսպանիան, երբ Միության մյուս երկրները բողոքում էին, որ իրենք են տանում այդ երկրների բեռը, չունենք ֆինանսական անհրաժեշտ կոմունիկացիաներ և հնարավորություններ, ռազմական, որովհետև ԵՄ-ն հայտարարում է, որ ՆԱՏՕ-ից անկախ պետք է ունենա սեփական անվտանգային համակարգը, սա նշանակում է, որ նրանց հետաքրքիր է լինելու նաև անդամ երկրների ռազմական ներուժը և մասնակցությունը ռազմական բլոկի ձևավորմանը: Հայաստանին ներառել Միության մեջ, նշանակում է այս ամենը հաշվի առնել և ոչ թե բերել որպես տարածք, որին սպասարկելու են, այլ տարածք կամ պետություն, որն իրենց տալու է ինչ-որ բան: Կարծում եմ, որ առանց Վրաստանի և Թուրքիայի անդամակցության Հայաստանն ուղղակի շանս չունի ԵՄ-ի անդամ դառնալու, ենթադրենք, առաջիկա տասնամյակում»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий