«Ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունները շեշտում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և մեկ կենտրոնից կախված չլինելու կարևորությունը, ձգտում դեպի Արևմուտք, մինչդեռ նույն իշխանությունն էապես մեծացրել է մեր երկրի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ 2014 թ.-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը Հայաստանի համար հնարավորություններ և ռիսկեր ստեղծեց:

«Մինչև 2022 թ.-ը Հայաստանն էապես չէր օգտվում այդ հնարավորություններից՝ հաշվի առնելով, որ ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, տնտեսությունն է փոքր, ապրանքաշրջանառությունն էր բավականին սահմանափակ և այլն: Իրավիճակը փոխվեց 2022 թ.-ին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, և Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցները բավականին լայն հնարավորություններ ստեղծեցին հայկական կողմի համար: Մասնավորաբար, Հայաստանը հնարավորություն ունեցավ դառնալ միջնորդ երկիր Արևմուտք-Ռուսաստան առևտրաշրջանառության մասով և, այդ միջնորդությամբ պայմանավորված, մեծ օգուտներ ունեցավ:

Հայաստանը դարձել է Ռուսաստանի տնտեսության համար մատակարարող երկիր՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տեխնիկա, որոնք այս պահին չեն արտահանվում Ռուսաստան, քանի որ արևմտյան այդ կազմակերպությունները փակել են իրենց ներկայացուցչությունները և դուրս եկել ռուսական շուկայից: Հայկական ընկերությունները, որոնք զբաղվում են էլեկտրատեխնիկայի վաճառքով, այն բերում են Հայաստան և արտահանում են Ռուսաստան: Ռուսական գործոնով է պայմանավորված, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն դարձավ էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող ընկերությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է «փող բերող» երկիր: «Մասնավորաբար, այս երկու տարվա պատերազմն էապես հյուծել է Ռուսաստանի պահուստային ֆոնդերը, և ռուսական տնտեսությունը կանխիկ գումարի կարիք ունի: Կանխիկ գումարի հարցը լուծում է Հայաստանը՝ վաճառելով ռուսական ոսկին:Միայն վերջին վեց ամսվա ընթացքում հայկական կողմը մոտավորապես հինգ միլիարդ դոլարի ոսկի է վաճառել, որ ռուսական տնտեսության, պետական բյուջեի համար էական նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ արտարժութային հոսքեր չկան դեպի Ռուսաստան, և օտարերկրյա ներդրումները դուրս են գալիս Ռուսաստանից և այլն: Այս իրավիճակում Հայաստանը դարձել է միջնորդ երկիր ռուսական ոսկու և ադամանդի վաճառքի մասով: Սա նպաստել է, որ Հայաստանի տնտեսությունն առևտրաշրջանառության էական աճ ունենա: Ոսկու արտահանումը կամ վերաարտահանումը հաճախ փաստաթղթավորվում է ոսկերչության անվան տակ, սրա հաշվին ունենք ոսկերչության արտադրության ծավալների մոտավորապես 23- 25 տոկոս աճ: Անշուշտ, այդքան արտադրական հզորություններ չունենք, սրանք հիմնականում ոսկու ձուլակտորներ են, որոնք արտահանվում են Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Չինաստան և այլուր ոսկերչական զարդերի անվան տակ: Այս իրավիճակում Հայաստանը շահում է, պետական բյուջե բավականին լուրջ մուտքեր են լինում: Միաժամանակ, կառավարությունը նախատեսել է ոսկու արտահանման տուրք նախատեսել՝ էլ ավելի մեծացնելով որոշակի մուտքերի աճը: Ոսկու վերաարտահանումից պետական բյուջե մուտքերը բավականին փոքր են, որովհետև ներկրվում և արտահանվում են»,— ընդգծում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ տնտեսության թիվն աճում է, «ուռում», բայց դրանից եկող եկամուտները շատ ավելի փոքր են: «Դրա վառ ապացույցը մեր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Օրինակ՝ առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի տնտեսությունն արձանագրել է մոտավորապես 13 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ հարկային մուտքերը նախատեսվածից մոտ ութ տոկոս ավելի քիչ են: Մի կողմից՝ ունենք տնտեսական աճ, ավելի արագ, քան նախատեսել էինք, մյուս կողմից հարկային մուտքերն ավելի քիչ են հավաքագրվում, քանի որ վերարտահանումներն այս պահի դրությամբ մեզ մեծ եկամուտներ չեն ապահովում»,-հավելում է տնտեսագետը:

Նրա խոսքով, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այս պահին բավականին մեծ է: «Արտաքին շրջանառության մոտ 60 տոկոսն այս պահին բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրան զուգահեռ նվազել է Եվրամիություն արտահանումը, ինչը պայմանավորված է դրամի գերարժևորմամբ, լոգիստիկ խնդիրներով և այլն: Այսինքն, ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից, և այդ կախվածությունը հնարավոր է նվազեցնել արևմտյան ներդրումային, առևտրային նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնց մասին դեռևս խոսվում է, բայց կոնկրետ գործնական ոչինչ չի արվում: Սրան զուգահեռ նշեմ, որ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվել է օտարերկրյա կազմակերպությունների կամ կապիտալի արտահոսք Հայաստանից: Խոսում ենք, որ Արևմուտքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ եղածների որոշ մասը հանում է կապիտալը, և դրա փոխարեն գալիս են դարձյալ ռուսական ընկերություններ:

Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ուղղությունները: Այս պահին ուզում ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց դեռևս չունենք գործնական առաջարկություններ, լուծումներ, որոնք թույլ կտան խնդիրներ լուծել: Արդեն իսկ վտանգավոր է մի երկրից 60 տոկոս կախվածությունը, սա լուրջ մտահոգություն է: Կարող ենք ասել, որ այս կախվածությունը երկկողմանի է, ռուսական կողմի համար Հայաստանը կարևոր է, քանի որ հայկական կողմն իր ոսկին է վաճառում: Հայաստանի տնտեսության համար կարևոր է, որովհետև կարողանում է գումարներ աշխատել վերարտահանման, ռուսական գումարների պտտեցման հաշվին: Օրինակ՝ մի շարք ռուսական ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր են բացել, այստեղով են իրենց գործունեությունն իրականացնում: Այս պահին երկկողմանի շահավետ է, բայց, անշուշտ, Հայաստանի պարագայում կախվածությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանի, քանի որ նրա տնտեսությունը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան մերը»:

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով, 2024 թ.-ի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվությունը կազմել է 13,2 տոկոս: Տնտեսության երկնիշ ցուցանիշը ինչպե՞ս է զգում քաղաքացին. «Այս աճը ապահովում են առևտուրը, ոսկերչությունը, խոսքը վերարտահանման մասին է, և մասամբ էլ՝ շինարարության ոլորտը: Արդեն զգալի է ֆինանսաբանկային ոլորտի աճի դանդաղումը, դրան գումարած գյուղատնտեսության ոլորտը շատ համեստ՝ մի քանի տոկոսանոց աճ ունի: Այդ աճից օգտվում են մի խումբ անձինք: Տնտեսության մեջ այդ գումարները պտտվում են, բայց պտտվում են շատ քիչ թվով մարդկանց ձեռքով: Պետական բյուջե մուտքերը ավելանում են, սա թույլ է տալիս կառավարությանը ճանապարհաշինարարական ծրագրեր իրականացնել, թոշակները վերանայել, նպաստներ սահմանել, սա բնակչության մի մասի համար, անշուշտ, դրական է: Բայց սա երկարաժամկետ տնտեսական աճի զարգացման հիմքեր չի ստեղծում:

Երբ այս գումարներն անհետանան, պետական բյուջեն հնարավոր չի լինի կատարել: Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստիպված են լինելու պարտքեր վերցնել, որ կարողանան ստանձնած պարտավորությունները կատարել: Մեր տնտեսությունն այդքան ապրանք չի արտադրում, որ կարողանան դրանից հարկեր գեներացնել և վճարեն մարդկանց թոշակները, նպաստները, աշխատավարձերը, պարգևավճարները, ճանապարհների կառուցումը, ինչը շռայլորեն արվում է վերջին տարիների ընթացքում: Ստիպված ենք լինելու դարձյալ պարտք ավելացնել, ինչը եղավ 2009-2010 թթ., երբ շինարարության ոլորտն անկում գրանցեց, այդ ընթացքում աճը հիմնականում ապահովում էր շինարարության ոլորտը, ՀՆԱ-ն նվազեց 14,4 տոկոսով, և կառավարությունը ստիպված էր մի քանի տարի պետական պարտքը ավելացնել, բյուջեի անցքերը փակել, որ կարողանար կատարել պետական ծախսերը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий