Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը

Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակիչը նույն քաղաքի Ավագյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի հարակից տարածքում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հասցեին՝ միաժամանակ սպառնալով վնասել նրա ավտոմեքենան՝ Եղեգնաձոր քաղաքի Բաղրամյան փողոցով արագ երթևեկելու պատճառով։ Այնուհետև չընդունելով հայհոյանքներ հնչեցնելու համար ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից տեղին արված դիտողությունը՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան, Խանջյան, Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շարունակել է հայհոյանքներով խախտել մարդկանց անդորրը։

Դրանից կարճ ժամանակ անց՝ 23:55-ի սահմաններում, նշված հատվածով երթևեկելու ընթացքում նկատելով ավտոլվացման կետի լույսերը՝  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել է մեքենան կայանել ավտոլվացման կետին հարակից ճանապարհահատվածում, ապա՝ նախքան մեքենայից իջնելը, վերցրել է ապօրինի ձեռք բերված և առանց հիշյալ ավտոմեքենայի վարորդին զգուշացնելու, նույն ավտոմեքենայի մեջ պահված «АКМ» տեսակի լիցքավորված մարտական հրազենը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ փողոցների խաչմերուկում բազմաթիվ կրակոցներ է արձակել ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Բացի այդ, պարզվել է, որ 32–ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքում գտնվող իր առանձնատան բակում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոց պարունակող, «Կանեփ» տեսակի 26 ամբողջական բույս, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա բնակարանում և դրա օժանդակ մասերում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставьте комментарий