Ինչո՞ւ է նյարդայնանում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru-ն «Փաշինյանի նյարդերը. ո՞ւմ և ինչի՞ համար է Հայաստանում պետք «հինգերորդ շարասյուն»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հետաքրքիր զարգացումներ են: Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «հինգերորդ շարասյան» մասին։ Դա նախկինում արդեն եղել է: Ըստ Փաշինյանի նախկինում հնչեցրած խոսքի, 2020 թվականին հայկական բանակի «հինգերորդ շարասյունն» էր մեղավոր Ղարաբաղյան պատերազմում պարտվելու համար։ Եվ հիմա՝ երեք տարի անց, «հինգերորդ շարասյունը» կրկին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի գլխում։ Նա անգամ կոչ է արել Հայաստանի անվտանգության խորհրդին՝ պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում, այսպես է պնդում սովորաբար քաջատեղյակ «Երևանյան դիտորդ» Տելեգրամալիքը։

«Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել համակողմանի պայքար մղել «հինգերորդ շարասյան» դեմ: Նա երկրում վաղուց ուշացած բարեփոխումները փոխարինում է դեմագոգիայով և ապակողմնորոշում քաղաքացիներին»,գրել է Տելեգրամ-ալիքը,- հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վեկտորի անորոշությունը՝ դժվար է ասել, թե այժմ ով կնշանակվի «հինգերորդ շարասյուն»։ Բայց ակնհայտորեն խոսքը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մասին է»։ Այո, հավանաբար, շատ հնարավոր է, որ Սահմանադրության պատճառով է Հայաստանի վարչապետը նյարդայնանում։ Որովհետև դեռ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարություն արեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Իսկ Հայաստանի գործող սահմանադրությունն իսկապես ունի նախաբան՝ Անկախության հռչակագրին հղումով, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Եվ դա խնդիր է։

Ի վերջո, երկրի հիմնարար օրենքի փոփոխությունները որոշվում են միայն հանրաքվեով։ Իսկ դա ոչ միայն նվաստացման նոր չափաբաժին է ողջ ժողովրդի համար, այլ նաև մեծ վտանգ, որ մարդիկ կարող են զանգվածաբար թքած ունենալ ամեն ինչի վրա և «դեմ» քվեարկել։ Եվ Փաշինյանն ու նրա շրջապատը, ըստ ամենայնի, պետք է ինչ-որ կերպ համոզեն հայերին «կողմ» քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, քանի որ, ըստ ամենայնի, նրանց պետք է հիմնովին սասանել երկրի հիմքերը։ Չէ՞ որ հենց հիմա է, ինչպես պնդում է հանրապետության վարչապետը, «Հայաստանում պետականություն է ձևավորվում»։ Իսկ այդ նոր կազմավորման համար «անհրաժեշտ է վերանայել Հայաստանի պետականության հիմքում ընկած բոլոր բանաձևերը»։

Հայաստանում ոմանք, սակայն, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր՝ նոր Սահմանադրության գաղափարով հայերին առաջարկում է «ոչ թե Չորրորդ հանրապետության ձևավորում, այլ Երրորդ հանրապետության լուծարում»։ Եվ դա շատերի կողմից ընկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է մաքրել այն ամենը, ինչը խանգարում է իր անձնական, անվերապահ իշխանությանը։ Դե ինչ, այդպես էլ կարող է լինել։ Սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել: Նիկոլ Փաշինյանին շտապեցնում են նրանք, ովքեր իրականում Հայաստանի համար «պետականության», «անվտանգության» և «տարածաշրջանային հարաբերությունների» նոր հիմքեր են սահմանում։ Շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց Հայաստանն ինքը դադարի ճանաչել իրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий