Թուրքմենստանը դադարեցրել է գազի սվոփային մատակարարումներն Ադրբեջան

Թուրքմենստանն ու Ադրբեջանը չեն կարողացել պայմանավորվածության հասնել այս տարի Իրանի մասնակցությամբ գազի սվոփային մատակարարումները շարունակելու շուրջ, հաղորդում է News.am–ը։

Ըստ «Turkmen.news»-ի աղբյուրների՝ պատճառը սակագնի հարցում առկա անհամաձայնությունն է։

«Հազար խորանարդ մետրի համար 135-140 դոլար արժեքը բորսայում գնանշված գների համեմատ ծիծաղելի է։ Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը հետագայում թուրքմենական գազն արտասահման է վերավաճառում կրկնակի թանկ գնով»,- պարզաբանում է աղբյուրը։

Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ մատակարարումները դադարեցվել են որոշակի «խնդրի» պատճառով, որի լուծումն Ադրբեջանը քննարկում է Թուրքմենստանի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը «առևտրային պայմանների և օրական ճշգրիտ ծավալների մասին» է։ «Turkmen.news»-ի աղբյուրները պարզաբանում են, որ խոսքն առաջին հերթին գնի մասին է։

Երկրորդ պատճառը Թուրքմենստանում գազի հասանելի ծավալների բացակայությունն է՝ ներքին կարիքների ավելացմամբ պայմանավորված։ Սա համընկնում է համակարգային խնդրի հետ. «Թուրքմենգազը», օտարերկրացիների հետ գործարքներ կնքելիս, միշտ գերագնահատում է գազի առկա ծավալները։ Եթե ​​այդ խարդախություններն ի հայտ գան, ապա արտասահմանյան գնորդները, որոնք առանց այդ էլ չեն վստահում իրենց թուրքմեն գործընկերներին, ըստ աղբյուրների, ընդհանրապես կհրաժարվեն համագործակցությունից։

Оставьте комментарий