Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ

Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում առանցքային նշանակություն ունեցող հարցեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում կայացել է հնգակողմ հանդիպում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և իր մասնակցությամբ եռակողմ հանդիպում Բրյուսելում։

Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի և մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Оставьте комментарий