Բա ասում էիք…. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 482-ով, կամ աճը կազմել է 79,5 տոկոս: Այս տարի, ըստ պաշտոնյայի, արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1088 դեպք: Ի լրումն, 9 ամսվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի վերաբերյալ:

«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ, 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը՝ կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար», — հավելեց Խաչատրյանը»: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե իր նշած կամ այս տարի արձանագրված 1088 դեպքերը որ ժամանակահատվածին են վերաբերում: Դե, եղել են, չէ՞ դեպքեր, որ վերաբերել են մի 20 տարի առաջ ինչ-որ փոքր հիմնարկի ինչ-որ տնօրենի կողմից «լևի» հավաքարար պահելուն:

Բայց կարելի է ամենևին չկասկածել, որ Սասուն Խաչատրյանի բերած վիճակագրության դեպքերի ճնշող մեծամասնությունը «թարմ» եղելություններ են: Ու այստեղից միանգամից վերհիշում ես Նիկոլ Փաշինյանի այն «ճռճռան» հայտարարությունները, թե՝ Հայաստանում կոռուպցիա չկա, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է, այս, այն: Ճիշտ է, վերջերս նա այլևս նման հայտարարություններ գրեթե չի անում: Հիմա «թրենդը» ժողովրդավարությունն ու «խաղաղության խաչմերուկն» են: Բայց, վերադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բերած վիճակագրական տվյալներին՝ 9 ամսվա ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործության 1088 դեպքի մասին: Դրանք, նկատենք, այսպես ասած՝ բացահայտված կամ արձանագրված դեպքերն են: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան են կազմում նման դեպքերն առհասարակ: Կարելի է չկասկածել, որ չբացահայտվածները բացահայտվածներից քիչ չեն լինի: Բայց, ամեն դեպքում, հայտնի անեկդոտի հանգվույն կարելի էր ասել՝ «լավ չեք աշխատում»:

Թեպետ, չշտապենք: Երբ ասում են «կոռուպցիա չկա», կամ այն հաղթահարված է, չպետք է մոռանալ, որ դա հայտարարում է մի իշխանություն, որի ամբողջ համակարգի համար սովորական են դարձել անմրցույթ գնումները: Ավելին, Փաշինյանի կառավարությունն ու իր պետական մարմինները «մեկ անձից գնումները» դարձրել են գործելակերպ: Կապ չունի՝ խոսքը որևէ ծառայություն գնելու մասի՞ն է, տոնական լուսավորմա՞ն, թե՞ մեկ այլ՝ պետական միջոցներով իրականացվող աշխատանքի: Որը նայում ես՝ «մեկ անձից գնում» է: Իսկ դա, կհաստատեն զանազան տնտեսագետները, առավել ևս՝ հակակոռուպցիոն գրանտների վրա զանազան «նստածներ», այսպես ասենք՝ «կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»: Եվ նման համատարած «գնումների» պայմաններում ինչ-որ չի լսվում համատարած բռնված չինովնիկների մասին:

Իսկ ով ուզում է համոզվել, թե կոռուպցիայի դեմ ինչպիսի պայքար է տարվում կամ հակառակը՝ չի տարվում, կարող է յուրահատուկ տեստ անցկացնել: Չքրեականացնենք, բայց վերցնում եք կառավարության անդամների, պետական պաշտոնյաների 5 տարի առաջվա և ներկայում արված լուսանկարները և համեմատում դեմքերը՝ ուշադրություն դարձնելով կզակին, այտերին, նաև՝ հագուկապին: Դե, հայտարարագրերի մասին չենք խոսում…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий