«Ոչնչով չեմ մխիթարվում, շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է». փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է Ջրականում

Սամվելը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թ.-ին 15-ամյա Սամվելն ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: 2003 թ.-ին վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, չորս տարի անց, ավարտելով ուսումը, վիճակահանությամբ ծառայության է անցել Կապանի զորամասում: 2009 թ.-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ հետագա ծառայությունն առաջնագծում՝ Քարվաճառի զորամասում շարունակելու համար: 2016 թ.-ին կրկին վերադարձել է Կապանի զորամաս՝ որպես գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունվարի 13-ին նշանակվել է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում:

«Սամվելը ծառայել է ամենածանր զորամասերում: Մերժում էր, ասենք, Երևանում նախարարությունում ծառայելու հնարավոր տարբերակները, ասում՝ պա՛պ, չեմ ուզում զինվորներից կտրվել: Շաբաթներով զորքի միջից տուն չէր գնում: Անգամ զինվորներն էին հետաքրքրվել, թե ինչո՞ւ իրենց հրամանատարը տուն չի գնում, գուցե ընտանիքն իրենից հեռու է: Բացասական պատասխան էին ստացել, Սամվելն արձագանքել էր՝ մինչև դուք բանակի շնչով չշնչեք, կարգապահ չդառնաք, ձեր միջից դուրս չեմ գալու»,— ասում է Սամվելի հայրիկը՝ Սուրենը:

Վերհիշելով որդու մանկությունը՝ նշում է. «Ճարպիկ տղա էր Սամվելս, մեծ եղբորը թիկունք էր կանգնում: Ֆիզիկապես ձիգ էր, փոքր տարիքից սպորտով էր զբաղվում: Դպրոցի լավ սովորողներից մեկն էր: Աշխույժ էր, բայց ներքուստ պահպանում էր բոլոր սահմանները, երբեք թույլ չի տվել իրեն մի բան անել, ինչը կլինի օրենքի և բարոյականության սահմաններից դուրս: Պարկեշտ էր իր տեսակով: Մի օր տուն էր եկել գիշերով, դուռը կամաց ծեծել, ես ու մայրը քնած էինք եղել, չէինք լսել, մեքենայի մեջ էր քնել: Առավոտյան նոր եկավ, դուռը թակեց ու ծիծաղելով ասաց՝ ձեր տղեն Ջաբրայիլից եկել է տուն, չե՞ք ընդունում: Չէր ցանկացել մեզ անհանգստացնել»: Հայրիկի խոսքով, որդին նժդեհապաշտ էր, հաճախ էր Նժդեհի «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ» միտքը շրջանառում: «Սամվելը 21-22 տարեկանում Քարվաճառից հասել է Կապան քաղաք, բարձրացել Խուստուփ լեռան գագաթը, գտել Նժդեհի գերեզմանը, մի քանի օր այն մաքրել, կարգի բերել»:

Սամվելը զինվորական գործն ընտրել է հայրիկի հորդորով: «Ես եմ իրեն համոզել զինվորական դառնալ: Ինքս փոխգնդապետ եմ, Սամվելն էլ էր փոխգնդապետ, քիչ է լինում, որ հայր ու որդի զինվորական լինեն և զինվորական նույն կոչումն ունենան: Սամվելին ինձ հետ տանում էի զորամասեր, բարձրացնում տանկերի վրա, թնդանոթների մոտ կանգնեցնում: Նա խիստ հարգանք ուներ իմ կարծիքի հանդեպ: 15 տարեկանից սկսել է իր ծառայությունը, իմ խոսքը միշտ սրբորեն կատարել է, այդ թվում՝ մասնագիտության ընտրության հարցում: Դրա համար այսօր ինձ մի քիչ մեղադրում եմ»: Սամվել Սահակյանը զինված ուժերում ծառայել է 13 տարի, որից 10 տարին՝ առաջնագծային զորամասերում՝ հակառակորդից 300-500 մետր հեռավորության վրա: Նա Քարվաճառում էր ծառայում, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, իսկ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը գումարտակի հրամանատարը արձակուրդում էր:

«Զանգեց, ասաց՝ պա՛պ, պատերազմ է սկսվել, պետք է զինվորներիս հասնեմ: Իր զորքը չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, հիմնականում նորակոչիկներ էին: Առանց զորամասից հետկանչման հրամանի, հարազատներից որևէ մեկին հրաժեշտ տալու՝ պատերազմի սկզբից ընդամենը մեկ ժամ անց հասավ իր գումարտակին և ստանձնեց հրամանատարությունը: Պատերազմի ամենածանր երկու օրերին Սամվելի գումարտակի զինվորների շրջանում զոհեր չեն եղել, և՛ իր զինվորներին է պաշտպանել, և՛ հայրենիքից մեկ միլիմետր հող չի զիջել: 5-րդ գումարտակի առաջին զոհը եղել է Սամվելը»: Փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Ջրականում: Ջրականի հինգերորդ գումարտակի դատական գործն այս օրերին էլ շարունակվում է: Քրեական գործ է հարուցված նաև փոխգնդապետ Սամվել Սահակյանի զոհվելու փաստի առթիվ, այս գործով քննությունը ևս դեռ շարունակվում է:

Սամվելի հայրիկը նամակներ է ուղղել տարբեր գերատեսչությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներին, ունի բազմաթիվ անպատասխան հարցեր: Սամվելը որդի և դուստր ունի: Որդին պապիկի անունն է կրում՝ Սուրեն, իսկ դուստրը Վիկտորյան է, պապիկն ասում է՝ թագուհու անուն է: «Ես ու իմ տղան հոգեբանական կապ ենք ունեցել իրար հետ: Ես ու Սամվելը տարբեր մարմիններում, բայց նույն հոգով ենք ապրել: Իմ ու Սամվելի տարբերությունը ռիսկի մեջ է, անսահման ռիսկով էր իմ Սամվելը: Իմ ցավը տիեզերական եմ համարում, ոչ մի վայրկյան չեմ մոռանում դրա մասին: Բանակում ամենախիստ հրամանատարներից մեկն է եղել: Ընկերներն ասում են, որ Սամվելն իրենց համար էտալոն է եղել: Ես չեմ ասում, նրանք են ասում, որ Սամվել Սահակյանը բանակի համար մի ամբողջ գաղափարախոսություն է, Սամվելն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հրամանատար սպան:

Պատերազմի ժամանակ տեսել էր, որ զինվորներից մեկն առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի է, հանել էր իր զրահաբաճկոնն ու սաղավարտը, սեփական մարմինն անպաշտպան թողնելով՝ տվել զինվորին և ուղարկել խրամատ՝ զինվո՛ր, հրամայում եմ չզոհվել, զինվորն էլ արձագանքել էր՝ լսում եմ, պարո՛ն փոխգնդապետ: Տղաներից յուրաքանչյուրը անուրանալի դեր է ունեցել այս պատերազմում: Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ Անպարտների զորամաս, տղաներից ամեն մեկն իր դիրքում կռվել է, զոհվել, կռվել են՝ մտածելով, որ հաղթելու են, ու հաղթել են, իրենք չեն տեսել նոյեմբերի 9-ի խայտառակությունը: Իմ կինը մխիթարվում է իր թոռնիկներով, նրանց հետ շփվելով: Բայց ես ոչ մեկով ու ոչնչով չեմ մխիթարվում: Ես Սամվելին չեմ կորցրել: Նրա՝ ինձանից հեռանալու փաստն ընդունում եմ, բայց ուղղակի իմաստով չեմ համարում, որ իրեն կորցրել եմ:

Դասավանդելով, աշակերտներիս հետ խոսելով ռազմահայրենասիրության թեմայով ու բանակի մասին՝ խոսում եմ Սամվելի մասին, Սամվելի օրինակից լավ օրինակ լինել չի կարող: Ես շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է: Ինձ համար չկա այլևս ծննդյան տարեդարձ, ես իմ հարազատներին արգելել եմ շնորհավորել իմ տարեդարձը, ինձ կարող է շնորհավորել միայն փոխգնդապետ Սամվել Սահակյանը, այդ մասին բոլորը գիտեն, իսկ թե ինչպես է նա ինձ շնորհավորում, դա էլ միայն ես ու Սամվելս գիտենք: Սամվելին ողջ եմ պահում, դրանով եմ մխիթարվում: Սամվելն ապրում է այնքան ժամանակ, որքան իրեն հիշում ենք»:

Հ. Գ. — Փոխգնդապետ Սամվել Սահակյանը ծառայության 13 տարվա ընթացքում արժանացել է մեկ տասնյակ շքանշանների և մեդալների, պետական և գերատեսչական 30ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսանքների: Հետմահու պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂ «Մարտական խաչ» շքանշաններով: Փոխգնդապետի անունով լսարան է անվանակոչվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Оставьте комментарий